Գլխավոր լուրեր

21.09.2009 Ռադիոլուր
Կուսակցությունների բարեգործություն անելու արգելքն ուղղված է ԲՀԿ- ի դեմ

Ազգային ժողովում սպասվում են նոր խմորումներ: Սահմանադրական դատարանի 2007 թվականի հունիսի 18-ի որոշման հիման վրա անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրել է մի օրենդրական նախաձեռնություն:
Պատգամավորների թվով երկրորդ խորհրդարանական ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները համոզված են` օրենքն ուղղված է իրենց և, հատկապես, այդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ:

Բարեգործություն անե՞լ, թե՞ չանել. սա է այն հարցը, որը պատգամավորները պետք է քննարկեն Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ: Աժ օրակարգում է նրա մշակած նախագծերից մեկը, որն ընդունվելու դեպքում արգելվելու է քաղաքական գործիչներին, կուսակցություններին և դրանց ղեկավարներին զբաղվել բարեգործությամբ:

Դա արվում է քաղաքական ընթացիկ գործունեությունը նախընտրական քարոզչությունից տարանջատելու համար, ասում է Դալլաքյանը. «Մենք տեսնում ենք, որ կան կուսակցություններ, որոնք ընտրություններից հետո, շատ դեպքերում մարդկանց կաշառելու նպատակով, չեն զբաղվում քաղաքական գործունեությամբ, այլ զբաղվում են այսպես կոչված բարեգործությամբ: Նորմա՞լ եք համարում, որ փորձում են կաշառել մարդկանց: Նախ` նրանցից գողանում են համապատասխան միջոցներ, հարկերը չեն տալիս և բարեգործության անվան տակ այդ գողացված միջոցները 0,001 տոկոսանոց շպրտում են ժողովրդին: Ես դա համարում եմ անբարոյական քայլ»:

Օրենսդրական նախաձեռնության անկեղծությունը, իր հերթին, հարցականի տակ է դնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

ԲՀԿ ներկայացուցիչները համոզված են, որ օրենքն ուղղված է իրենց և, հատկապես, այդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ. «Ես կարծում եմ, որ սա կոնկրետ մի քայլ է, որի սլաքն ուղղված է Գագիկ Ծառուկյանի և մի քանի նշանավոր մարդկանց դեմ, որոնք իրականացնում են մեծ բարեգործական ծրագրեր: Երկրի ազդեցիկ, հեղինակավոր քաղաքական գործիչներին արգելելով զբաղվել բարեգործությամբ` իրականում ոչ թե ուզում են մաքրել քաղաքական դաշտը, այլ ուզում են սահմանափակել այդ մարդկանց իրական ազդեցությունը մեր երկրում, ինչին որ ես, իհարկե, դեմ եմ և համարում են, որ դա պարզապես անկեղծ չէ: Մեր երկրում մարդիկ ունեն օգնության կարիք և նրանց չի կարելի զրկել այդ օգնության հնարավորությունից միայն այն բանի համար, որ խորհրդարանում ինչ-ինչ պրակտիկ նպատակներով հնարավորությունները հավասարեցվեն նրանց, ովքեր մարդկանց օգնում են և նրանց, ովքեր դա երբեք չեն անում:

Ըստ Արամ Սաֆարյանի` Հայաստանը ինչպիսի զարգացման տեմպեր էլ որ ունենա, երկար տարիներ մնալու է զարգացող երկրների շարքում: Այնպես որ` մեր երկրում դեռ լինելու են շատ թվով չունեւոր և օգնության կարիք ունեցող մարդիկ, որոնց պետությունը միշտ չի կարողանալու օգնության ձեռք մեկնել:

Իսկ այս օրենսդրական նախաձեռնությունը, ասում է Արամ Սաֆարյանը, ունենալու է երկու հետևանք. կամ քաղաքական գործիչ-բերագործները իրենց գործունեությունը կծավալեն ուրիշների անունների ներքո, կամ էլ ընդհանրապես կհիասթափվեն, կվիրավորվեն ու կհրաժարվեն բարեգործությունից:

Նախաձեռնության մեջ հետին միտք տեսնելը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը հիմնավորում է պատասխան հարցով. Ինչո՞ւ նույնը չի արգելվում երկրի ղեկավարներին, նախարարներին, փոխնախարարներին և մարզպետերին:

Այս պահին այսպիսի օրենսդրական նախաձեռնություն առաջարկելու դրդապատճառների մասին Վիկտոր Դալլաքյանը պարզապես ասում է. «Նպատակն այն է, որ ընտրակաշառք և նմանատիպ այլ բացասական երևույթներ, ժողովրդին կաշառելու ցանկություններ կուսակցությունները հանդես չբերեն»:

Օրենքը ընդունվի, թե չընդունվի Վիկտոր Դալլաքյանն ամեն դեպքում համոզված է. «Մեր ժողովուրդը շատ իմաստուն է: Եվ նկատի ունեցեք, որ ասֆալտ անողներին որպես կանոն չեն ընտրում: Ուղղակի` քանի որ ընտրությունները կեղծվում են պարբերաբար` նրանք հայտնվում են խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ի հետագա քայլերին, ապա Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նախաձեռնությունը մեկ անգամ արդեն քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Առանձին լուրջ քննարկումներ են լինելու նաև խմբակցության ներսում: Իսկ այն ամենը, ինչ մտածում են նախաձեռնության մասին, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները կասեն ԱԺ ամբիոնից` հարցի քննարկման ժամանակ:


Դիտումներ [539]
Print  
Հետադարձ կապ
Անուն
Էլ. փոստ
Հաղորդագրություն*
Արխիվ
Տարադրամի փոխարժեք
12.03.2010
»
USD
»
391.41
»
EUR
»
534.67
»
RUR
»
13.29
Եղանակը Երևանում
Այսօր՝
ցերեկ +21 °C
գիշեր +7 °C
Armenian Top Web
Sites Statistics & Rating Rambler's Top100
Copyright © Prisma.am || 2008. All rights reserved. Hot line phone (+37491) 19 64 04